Յուրի Դավթյան. տասնամյակների դիրիժորական ավանդույթներ

Հուլիսի 3-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված հանրահայտ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին։ Երեկոյի ընթացքում ելույթ  կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):

Հուլիսի 3-ին կայանալիք համերգը ղեկավարելու են հոբելյարը՝ Յուրի Դավթյանը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը և Նիկոլայ Պողոսյանը։

Համերգի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան Նունե Արզումանյանը (դաշնամուր), Հայկ Դավթյանը (ջութակ), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո-սոպրանո), Գևորգ Դավթյանը (տենոր) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)։ Համերգային ծրագրում կհնչեն Պիետրո Մասկանիի, Կամիլ Սեն-Սանսի, Յան Սիբելյուսի, Էռնեստո դե Կուրտիսի, Իմրե Էմմերիխ Կալմանի, Գեորգի Սվիրիդովի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործություններից։

Յուրի Դավթյանը ծնվել է 1929թ., Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1947-52 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953 թ.-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000 թթ. եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները:

1964-66 թթ. եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70 թթ. և 1992-94 թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ:

1969թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին:

Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2Ros2FA կամ զանգահարել +374 60 276-000:

13,523 total views, 1 views today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *